Իտալական նեոռեալիզմ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նեոռեալիզմ (այլ կիրառումներ)
Իտալական նեոռեալիզմ (իտալ.՝ Neorealismo), ուղղություն իտալական կինոյում և գրականության մեջ 1940-ական թվականների կեսից մինչև 1960-ական թվականների կեսը։ Ռեալիզմի նոր ձև, որն ստեղծվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմից (1939— 1945 թվականներ) հետո՝ հակաֆաշիստական և դեմոկրատական ազգային արվեստի համար պայքարում։
Նեոռեալիզմի պատմական հիմքը համաժողովրդական Դիմադրության շարժումն էր և Իտալիայում սոցիալիստական գաղափարների տարածումը։ Նեոռեալիզմի ակունքներն են՝ վերիզմի գրականությունը, խորհրդային կինեմատոգրաֆիայի տեսական աշխատություններն ու ֆիլմերը, ֆրանսիական առաջադեմ ռեժիսորների ստեղծագործությունները։ Այս ուղղության երկերի հերոսը ժողովրդի մարդիկ են՝ օժտված հոգևոր բարձր արժանիքներով։ Նեոռեալիզմի հիմնական թեման ֆաշիզմի սարսափների և ամբոխավարության, ինչպես և պարտիզանական պատերազմի հերոսականության բացահայտումն է, խնդիրները՝ դաժան և անարդար սոցիալական աշխարհում շարքային մարդու անձի արժանապատվության պահպանումը։ Նեոռեալիզմի գեղագիտական սկզբունքները կինոարվեստում արմատավորել է Չեզարե Ձավատինին։ Ուղղության գեղարվեստական հրովարտակը եղել է ռեժիսոր Ռոբերտո Ռոսսելինիի «Հռոմը՝ բաց քաղաք» (1945 թվական) ֆիլմը։ Ստեղծվեց արվեստագետ-համախոհների մի խումբ, որի մեջ էին ռեժիսորներ Լուկինո Վիսկոնտին, Վիտտորիո դե Սիկան, Ռոբերտո Ռոսսելինին, Ջովաննի Դե Սանկտիսը, Պիետրո Ջերմին, Կառլո Լիցցանին, Լուիջի Զամպան, Ֆեդերիկո Ֆելինին, և ուրիշներ, դերասաններ Աննա Մանյանին, Ալդո Ֆաբրիցին, Մասիմո Ջիրոտտին, Տոտոն, Ռաֆ Վալլոնեն, Կառլա Դել Պոջոն և այլք։ Նեոռեալիզմի լավագույն ֆիլմերից են՝ «Պայզա» (1946 թվական, ռեժիսոր Ռոսսելինի), «Շուշա» (1946 թվական), «Հեծանիվ հափշտակողները» (1948 թվական), «Ումբերտո Դ․» (1951 թվական, երեքն էլ՝ ռեժիսոր Դե Սիկա), «Հողը ցնցվում է» (1948 թվական, ռեժիսոր Վիսկոնտի), «Դառը բրինձ» (1949 թվական, ռեժիսոր դե Սանտիս) «Հույսի ճանապարհ» (1950 թվական, ռեժիսոր Ջերմի), «Նեապոլը միլիոնատերերի քաղաք է» (1950 թվական, ռեժիսոր դե Ֆիլիպո), «Ողբերգական որս» (1947 թվական), «Հռոմը ժամը 11-ին» (1952 թվական, երկուսն էլ՝ ռեժիսոր Ջ․ Դե Սանտիս)։
Նեոռեալիզմի ռեժիսորները փորձել են որոնել նոր արտահայտչամիջոցներ։ Նեոռեալիզմի երկերին բնորոշ էր ձգտումը դեպի մանրամասների ճշգրտությունը և ժողովրդի ծանր կյանքի ստույգ պայմանների փաստագրական ցուցադրումը։ Ֆիլմերը եղել են լակոնիկ, զուսպ, զուրկ շինծու գեղեցկությունից, շքեղ բեմադրականությունից։ Կինոնկարները, գլխավորապես սև-սպիտակ, նկարահանվել են փողոցում, բաց երկնքի տակ՝ ներգրավելով ոչ պրոֆեսիոնալ դերակատարներ․ սցենարի հիմքը երբեմն եղել է թերթի որևէ փաստ, երկխոսություններում լայնորեն օգտագործվել են ժողովրդական լեզուն, տեղական բարբառները։ Մի շարք կինոնկարներում ներմուծվել է հաղորդավարի՝ գործողությունն ընդհանրացնող խոսքը։ Այս ամենը ֆիլմերին հաղորդել է հատուկ հավաստիություև։
Գրականության մեջ նեոռեալիզմն իրեն հակադրեց ինչպես արվեստում եղած մոդեռնիստական զանազան հոսանքներին ու կղերական միտումներին, այնպես էլ հատկապես պրոֆաշիստական արվեստին։ Առավել մշակված գրական ժանրը «քնարական փաստաթուղթ»-ն է, որը ինքնակենսագրական կողմը զուգորդում է գեղարվեստական հորինվածքի հետ (Վասկո Պրատոլինիի «Մագաձինիի փողոցը» և «Ընտանեկան ժամանակագրություն», Կառլո Լևիի «Քրիստոսը կանգ է առել էբոլում» և այլն)։ Դրան մոտ են Էդուարդո Դե Ֆիլիպոյի կատակերգությունները։ Սոցիալական խնդիրներն ու բախումները առավել լայնորեն են պատկերված Պրատոլինիի «Մետելլո», Ֆրանչեսկո Յովինեի «Սակրամենտոյի հողերը» վեպերում, Լևիի ակնարկներում։
Նեոռեալիստները ձգտել են արտահայտչական պարզության, ժողովրդական լեզվի լայն օգտագործման։ 1950-ական թվականներին կեսերին երևան եկավ նեոռեալիզմի մեթոդի սահմանափակությունը, մի մեթոդ, որը չկարողացավ բացահայտել նոր իրականության արմատական ու բարդ հակասությունները։ Ժամանակակից իտալական կինոյի ու գրականության ռեալիզմը դուրս է եկել նեոռեալիզմի՝ որպես գադափարագեղարվեստական և աշխարհայացքային կոմպլեքսի, շրջանակներից։ Սակայն նեոռեալիզը արդեն գեղագիտական ու գաղափարական լուրջ խնդիր է կատարել (այդ թվում՝ իտալական արվեստին վերադարձրել է հետաքրքրությունը ժողովրդական կյանքի թեմաների ու խնդիրների նկատմամբ)։
Նեոռեալիզմին ազգակից երևույթներ եղել են նաև իտալական կերպարվեստում, մասամբ՝ թատրոնում, երգի մեջ և այլն։ Նեոռեալիզմը ազդեցություն է գործել 1950-ական թվականների սկզբին եվրոպական մի շարք գրականությունների վրա, աշխարհի շատ երկրների կինոարվեստի վրա։ Արևմտաեվրոպական երկրների (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա և այլն) արվեստում համանման միտումները նույնպես երբեմն կոչվել են նեոռեալիստական։ Նեոռեալիզմի ավանդույթները պահպանվել են հետագա տարիների որոշ կինոնկարներում, իսկ 1970-ական թվականների սկզբին զարգացում են գտել «քաղաքական կինո» ուղղության մեջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի. Սոլովյովա, «Իտալիայի ֆիլմ» (1945—1960 թվական)․ Մոսկվա, 1961 թվական։
- Ց. «Կին, լեգենդ, իրականություն, գրականություն», Մոսկվա, 1968 թվական
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 231)։ |